Skip to content Skip to sidebar Skip to footer

Հարկային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Գույքի և կապիտալի հավելաճի հարկում․

Հարկային քաղաքականության հայեցակարգի նախագծում և ԱՄՀ կողմից հրապարակված զեկույցներում ներառված է տեղեկատվություն, համաձայն որի ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացել կապիտալի հավելաճի հարկմանն ուղղված գործիքակազմի ստեղծման աշխատանքներ։

Այս առումով հարկ է նշված հարցը դիտարկել նախ անշարժ գույքի հավելաճի տեսանկյունից, քանի որ ներկայումս կարծես ակտիվ քննարկումները վերաբերում են այս ուղղությանը։

Անշարժ գույքի մասով հավելաճի հարկման կարգավորումները սահմանելիս ամենակարևոր հանգամանքը թերևս անշարժ գույքի գործարքների, դրանց դինամիկայի, բնույթի և հարակից այլ հանգամանքների վերլուծությունն է։ Միայն այս վերլուծության հիման վրա կարելի է կայացնել այդ որոշումները կամ հրաժարվել հարկումից։

Գործարքների բնույթը․

Ուսումնասիրելով Կադաստրի կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող վերլուծական տեղեկատվությունը ստանում ենք հետևյալ պատկերը։ Անշարժ գույքի օտարման գործարքների մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն ոչ առուվաճառք հանդիսացող գործարքները։ Այսպես, 2025 թվականին օտարման գործարքները կազմել են 89173, որից առուվաճառքի գործարքները 59748 կամ 67%, իսկ նվիրատվության գործարքները 25638 կամ 28,8%։ Ընդ որում, նույն պատկերն առկա է նաև 2024 թվականին։ Այսպես, օտարման գործարքների ընդհանուր թիվը 87159 է, որից առուվաճառքի գործարքները՝ 57796 կամ 66,3%, իսկ նվիրատվության գործարքները՝ համապատասխանաբար 25465 կամ 29,2%:

Չնայած այն հանգամանքին, որ հարկման մեխանիզմի սահմանումը հավասարության ապահովման տեսանկյունից պետք է տարածվի ամբողջ հանրապետության տարածքում իրականացվող գործարքների վրա, այնուամենայնիվ ցանկանում ենք ընդգծել, որ Երևան քաղաքում իրականացված օտարման գործարքների վիճակագրությունը թեև տարբերվում է ՀՀ միջինից, սակայն ոչ շատ։ Երևանում 2025 թվականին առուվաճառքի գործարքները կազմել են 22568 կամ ամբողջ օտարման գործարքների 73,6%-ը։ Առանձին դեպքերում, օրինակ Տավուշի մարզում, 2025 թվականին նվիրատվության գործարքները կազմել են օտարման գործարքների 37,8%-ը։

Այսինքն, ՀՀ-ում անշարժ գույքի օտարման գործարքների շուրջ 33 տոկոսը առուվաճառքի գործարք չէ, հետևաբար գործարքների 1/3-ի մասով հարկի հաշվարկման մեխանիզմը կիրառության տեսանկյունից խնդրահարույց է։ Հարկի հաշվարկման դասական օրինակները ընդունված միջազգային պրակտիկայում ենթադրում են վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը որպես հարկման բազա ընդունելը։ Հետևաբար, նման պարագայում այդ մեծությունը հաշվարկելը խնդրահարույց է դառնում։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ներկայումս գործող կարգավորումները, այն է այդպիսի գործարքների չհարկումը նման վիճակագրության ձևավորմանը չի կարող նպաստել, իսկ հարկման կարգավորումների սահմանումը, այս վիճակագրությունը կարող է փոխել ոչ ի օգուտ օտարման գործարքների։ Այլ կերպ ասած, որոշ դեպքերում հարկման մեխանիզմի առկայությունը մեծացնելու է առուվաճառքը նվիրատվության գործարքով քողարկելու գայթակղությունը։

Մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն․ 2025 թվականին անշարժ գույքի օտարման գործարքները բաշխված են այսպես․

Բնակարան

33.9%

Հող

37.7%

Բնակելի տուն

16.8%

Ավտոտնակ

7.1%

Հասարակ․ նշ․ շինություն

3.3%

Արտադրական նշ․ շինություն

1.1%

Ընդամենը

100%

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ Երևան քաղաքում 2025 թվականին իրականացված առուվաճառքի 22568 գործարքից 11042 գործարքի մասով գույք ձեռք է բերվել կառուցապատողից։ Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ ներկայումս հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձից գույք ձեռք բերելիս հարկը պահվում է ամբողջ արժեքից՝ 10 տոկոս դրույքաչափով (իհարկե առկա են որոշ բացառություններ)։ Հետևաբար այս դեպքում հավելաճի հարկումը նշված գործարքների մասով կարող է առաջացնել հարկային եկամուտների նվազեցում, իսկ հավելաճի հարկումը միայն ֆիզիկական անձանց միջև իրականացվող գործարքների վրա տարածելն անարդարության հանգամանքը չի վերացնում։ Մյուս կողմից առկա է նաև եկամուտների հաշվարկման դրամարկղային կամ հաշվեգրման մեթոդի կիրառության հարցը։   

Գործարքների բնույթի և գույքի տեսակների վերլուծությունը թեև կարևոր բայց ոչ բավարար պայման է հանդիսանում հարկման մեխանիզմի սահմանման հիմնավորման համար։ 

Հավելաճի հարկման համար մյուս կարևոր հանգամանքը դա գների դինամիկայի ուսումնասիրությունն է։ Այսպես, Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հրապարակված տարեկան վիճակագրական տեղեկությունների համաձայն, 2025 թվականին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գինը 2024 թվականի համեմատ աճել է 0,3 տոկոսով։ Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատուի տվյալների համաձայն 2025 թվականի սպառողական գների ինդեքսը (2024 թվականի համեմատ) կազմել է 103,3։ Այլ կերպ ասած, կյանքը ավելի է թանկացել, քան անշարժ գույքը։ Ընդ որում, ինֆլյացիայի հանգամանքը հաշվի առնելը հավելաճի հարկման հանգամանքներում շատ կարևորվում է։ Անշարժ գույքի գների երկարաժամկետ ժամանակահատվածում շարունակական աճ չունենալու կամ շարունակական, սակայն ինֆլյացիայի տեմպից ցածր տեմպերով, աճ ունենալու պարագայում հավելաճի հարկման մեխանիզմի կիրառումը անշարժ գույքում ներդրումներ կատարելու որևէ խթան կամ իմաստ չի առաջանում։

Այսօրվա ձևավորված իրականությունում անշարժ գույքի շուկայի ակտիվությունները կարող ենք ասել, որ մեծամասամբ պայմանավորված են ժամանակավոր գործոններով (առնվազն գների աճի տեմպը), դրանք հիմնականում արտաքին ազդեցությամբ պայմանավորված են, մասնավորապես ռուս-ուկրաինական հակամարտություն, ԱՄՆ-Իրան հակամարտության ազդեցություն պարսից ծոցի երկրների շուկաների վրա և այլն։ Հետևաբար, անշարժ գույքի և դրա հետ կապված տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը կարող է էապես վտանգվել առանց բազմակողմանի վերլուծված հարկման մեխանիզմի սահմանմամբ։  

Մեր երկրում տարբեր ժամանակաշրջաններում անշարժ ու շարժական գույքերի հարկման մեխանիզմներ սահմանվել են, այնուհետև դրանք այս կամ այն հիմնավորմամբ, այդ թվում և բավականին ծանրակշիռ հանգամանք հանդիսացող, հարկային վարչարարության բարդությամբ պայմանավորված, դրանք վերացվել են։ Խոսքը ավտոմեքենաների, բնակարանների որոշակի ժամանակահատվածում 2-րդ և ավելի օտարման դեպքերը հարկելու մեխանիզմին է վերաբերում, որոնք վարչարարական լուրջ խոչընդոտներ և դժգոհություններ են առաջացրել։

Առանձին գույքերի տեսակների կամ որոշակի չհարկվող գույք կամ հավելաճի չհարկվող շեմ սահմանելը հանգեցնելու է շուկայի տրանսֆորմացիաների, հարկման շրջանցման հնարավորությունների որոնք այնուամենայնիվ ցանկալի արդյունք չեն ապահովելու։ Փոխարենը հարկման մեխանիզմի սահմանումը հագեցնելու է կապիտալի հոսքի և ներդրումային գրավչության նվազման, անշարժ գույքի գործարքների և դրանից բխող այլ ոլորտների՝ շինարարության, ֆինանսական, մանրածախ առևտրի, զբոսաշրջության ոլորտներում, մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտի ստացման, որի բացասական արդյունքը կարող է գերազանցել հարկումից ակնկալիքին։

Անշարժ գույքի շուկան շատ զգայուն է և այս առումով կարճաժամկետ միտումների և վիճակագրության հիման վրա հարկային քաղաքականության ձևավորումը ցանկալի արդյունքների կարող է չբերել։

Վերոնշյալը հաշվի առնելով անշարժ գույքի մասով հավելաճի հարկման մեխանիզմի սահմանումը կարիք ունի առավել մանրակրկիտ և բոլոր ռիսկերն ու բացասական էֆֆեկտները վերլուծելու անհրաժեշտություն։

Արժեթղթերի մասով հավելաճի հարկման մեխանիզմի սահմանման համար դիտարկենք հրապարակված վիճակագրական տվյալները։

Այսպես․ համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, ՀՀ-ում ֆոնդային բորսայում կատարված գործարքների քանակը 2020-2024 թվականներին դրսևորել է ինչպես աճի, այնպես էլ նվազման միտում։ Այսպես, եթե գործարքների քանակը 2020 և 2021 թվականներին կազմել է շուրջ 4700-4800 հատ, ապա 2022-ին ավելի քան 7700։ Միաժամանակ, 2023 թվականին նվազել է մինչև 6500, իսկ 2024 թվականին արձանագրել մեծ աճ գերզանցելով 10,000-ը։ 

Ուշագրավ է նաև ֆոնդային բորսայի միջոցով իրականացված գործարքների ըստ արժեթղթերի տեսակների բաշխվածության վերլուծությունը։ Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2020 թվականին կազմել է 213,5 մլրդ դրամ, որից բաժնետոմսերին բաժին է ընկել 40 մլն դրամը կամ 0,019 տոկոսը։ Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին բաժնետոմսերով գործարքների մեծությունը կազմել է 3,45 մլրդ դրամ, այն ընդհանուր բորսայի գործարքների մեջ կազմել է 0,7 տոկոս։ 

Ինչ վերաբերում է կորպորատիվ պարտատոմսերին, ապա ֆոնդային բորսայի գործարքների մեջ դրանց տեսակարար կշիռ աճել է 2022 թվականին, ապա արձանագրել կտրուկ նվազում և 2024 թվականին այն կազմել է 16,8 տոկոս։ Ընդ որում, կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 2022 թվականին ընդհանուր գործարքների ծավալում կազմել է ավելի քան 38 տոկոս, սակայն հետագայում կտրուկ նվազել է։  


Թերևս նման վիճակագրության առկայությունը և գործարքների քանակի, ծավալի, հաշվետու թողարկողների քանակի, ցուցակված ընկերությունների թվաքանակի և այլ ցուցանիշների համապարփակ և ամբողջական վերլուծությունը միայն կարող է հիմք հանդիսանալ հավելաճի հարկման նպատակադրման համար։ Միայն այն եզրահանգումը, որ այդ հարկումը կհանգեցնի հարկային եկամուտների ձևավորմանը, առանց հաշվի առնելու դրա հնարավոր բացասական հետևանքները գրեթե սաղմնային վիճակում գտնվող արժեթղթերի շուկայի վրա, կարող է հանգեցնել շուկայի անկման և դրա վերականգնման համար պահանջվել ավելի երկար ժամանակահատված։

Արժեթղթերի զարգացած շուկայի բացակայությունը «ստիպում է» ներդրողներին իրենց ներդրումները կատարել անշարժ գույքում, հետևաբար դրանում բավարար խթաններ չլինելու դեպքում կապիտալը կարող է հոսել առավել նպաստավոր միջավայր ձևավորած երկրներ։ 

2․ Շահութահարկի հարկման մեխանիզմի աստիճանական փոխարինում շահաբաժնի հարկով․

Տարբեր ժամանակներում մասնագիտական հարթակներում և կառավարությունում քննարկումներ են տեղի ունեցել շահութահարկի հարկման մեխանիզմի վերանայման վերաբերյալ։ Մասնավորապես, ընկերություններում ներդրումների ծավալի ավելացման, ընկերությունների խոշորացման և որպես դրա հետևանք առավել արդյունավետ և բարձր մրցունակությամբ օժտված ընկերություններ ունենալու նպատակով քննարկվել է ընկերության գործունեության արդյունքի հարկումը ոչ թե յուրաքանչյուր հարկային տարվա արդյունքների և դրա հիման վրա հաշվարկված շահութահարկով, այլ այդ ձևավորված արդյունքը մասնակիցների միջև բաշխումը՝ շահաբաժնի վճարումը, հարկելով։ Այսինքն գործունեության արդյունքը հարկել միայն այն դեպքում, երբ այդ արդյունքը բաշխվում է մասնակիցներին և ոչ թե մնում է կազմակերպությունում և օգտագործվում հետագա գործունեության ընդլայնման համար։

Մինչև վերջին տարիներին ձևավորված պետական բյուջեի հարկային եկամուտների ոչ միայն կատարման, այլև գերակատարման «մշակույթի» ձևավորումը, թերևս այս հարցին անդրադարձ էր կատարվում կարճաժամկետ ժամանակահատվածում հարկային եկամուտների ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։ Համարվում էր, որ այսօրվա միավոր հարկն ավելի կարևոր էր, քան վաղվա մի քանի միավորը։ Սակայն ներկայումս լիովին հնարավոր է իրականացնել այս կարևոր համակարգային փոփոխությունը ի նպաստ երկարաժամկետ ռազմավարական նպատակի իրականացման։ Ընդ որում, այս տեսանկյունից կարևոր է նաև շահութահարկի կանխավճարային համակարգի վերացումը, որը ևս բիզնեսին զրկում է լրացուցիչ շրջանառու միջոցներից։

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մեկ անգամ չէ, որ կառավարությունն ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հայտարարել է հարկային հաշվառման և ֆինանսական կամ հաշվապահական հաշվառման կանոնների և մեխանիզմների հնարավորինս մոտարկման անհրաժեշտության մասին։ Այս մեխանիզմների տարբերություններն էլ մեծամասամբ սահմանվել են լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելու նպատակադրումներից ելնելով (նվազեցման առավելագույն շեմեր, ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ, ծախս չհամարվող և եկամուտ չհամարվող տարրեր և այլն)՝ չնայած դրանց տնտեսագիտական մտքի հետ ունեցած հակասության։ Հետևաբար, եթե այս փոփոխության իրականացման նպատակադրումը կա, ապա կարծում ենք, որ բավարար հիմնավորված կլինի նաև շահութահարկի փոխարեն շահաբաժնի հարկումը քննարկելը։ 

Կարծում ենք, որ այս առաջարկության քննարկման արժանի լինելը բավարար հիմնավորված է, իսկ դրա իրականացման մեխանիզմների, բազայի, դրույքաչափերի և այլ հարցերի պատասխանները հնարավոր կլինի ստանալ համապատասխան մանրամասն վերլուծության արդյունքերից ելնելով, իսկ ֆինանսների բնագավառի լիազոր մարմնի և հարկային վարչարարություն իրականացնող մարմնի տեղեկատվական բազայի տվյալները նման հնարավորություն մեծամասամբ տալիս են։

 

3․ Հարկային ռեզիդենտություն

ՀՀ հարկային օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված են ֆիզիկական անձանց ՀՀ ռեզիդենտ համարվելու պայմանները։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել են 183 և ավելի օր: Բացի սրանից, ֆիզիկական անձինք համարվում են ռեզիդենտ նաև այն դեպքում, երբ իրենց կենսական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում, կամ գտնվում են պետական ծառայության մեջ ՀՀ-ում, սակայն ժամանակավորապես աշխատում են ՀՀ-ից դուրս։

Ընդ որում հարկ է նկատի ունենալ, որ նույն օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը։

Այս առումով, նպատակ ունենալով ստեղծել ներդրումներ ներգրավելու համար լրացուցիչ գրավչություն և խթաններ, առաջարկում ենք քննարկել ռեզիդենտության չափանիշներում լրացում կատարելու անհրաժեշտությունը, որի պարագայում ռեզիդենտ կհամարվեն նաև այն ֆիզիկական անձինք, որոնք կկատարեն, օրինակ, 500 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ, նեդրումներ՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերում և ցանկություն կհայտնեն այս հիմքով դառնալ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ։ Ընդ որում, նշված կարգավորման սահմանումը ոչ միայն չի պահանջում պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի իրականացում, այլև հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածի հիմքով ստեղծում է այդ անձանց օտարերկրյա եկամուտները ՀՀ-ում կոնսոլիդացնելու և հարկելու հնարավորություն։

Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք մասնակցել ոչ միայն այս հարցերի, այլև մեր երկրի տնտեսության կարևորագույն բնագավառներին վերաբերող բոլոր հարցերի քննարկմանը, ինչպես նաև կարգավորումների իրավական ակտերի նախագծերի մշակմանը։

Leave a Comment