Մեր Մասին
Հայաստանի շինարարների միություն՝ մասնագիտական հանրությանը հուզող համընդհանուր խնդիրների բարձրացման, քննարկման, լուծման ուղիների ներկայացման, նոր կապերի հաստատման և համատեղ գործելու հարթակ:
Գործունեություն՝ միտված շինոլորտի զարգացմանը, մարդկանց բարեկեցությանը, անվտանգությանն ու երկրի առաջընթացին:
Պատմություն
Որպես առանձնահատուկ ոլորտ՝ շինարարությունը եղել և մնում է տնտեսության շարժիչ ուժերից մեկը, եթե չասենք առաջատարը և պետության կենսագործունեության յուրաքանչյուր փուլում նրա յուրատեսակ հայելին: Նրանով է պայմանավորված բոլոր ոլորտների զարգացումը, քանի որ շինարարությունը հիմնական միջոցներ ստեղծող բնագավառ է: Եվ հետևաբար՝ ամենից շատ խնդիրներ ունեցողը
Անկախության առաջին տարիներին, երբ հանրապետության շինոլորտում միմյանց հերթագայող շրջադարձային փոփոխությունների մի ժամանակահատված էր, պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում առավել քան ցանկալի էր հուսալի գործընկերոջ աջակցությունը: Հասարակական մի կառույցի, որն իր վրա կվերցներ շինարարների հոգսերի մի մասը՝ թեթևացնելով պետության բեռը:
Ահա այդ առաքելությամբ էլ 1996 թվականին ասպարեզ եկավ Շինարարների ասոցիացիան՝ առժամանակ անց վերակազմավորվելով Շինարարների միության: Ինքնահաստատման, կայացման երկարուձիգ տարիներ, որոնց հետ քայլ առ քայլ ուրվագծվում էր անցնելիք բարդ, բայց դեպի նպատակակետը ձգվող ճանապարհը:
Այսօր՝ երեք տասնամյակ անց, կարելի է փաստել, որ դա ձեռքբերումների, փոքր ու մեծ հաջողությունների, համախմբման, կուռ և ամուր կառույց դառնալու ճանապարհ էր:
Միությունն՝ այսօր
Ինչպե՞ս է ներկայանում Միության երեսնամյա գոյության այսօրը:
Կարևոր դերակատարում ոլորտի քաղաքականության ձևավորման գործում, հեղինակավոր մասնագիտական կարծիք, որի հետ պետությունը հաշվի է նստում, անդամակցություն մեկ տասնյակից ավելի պետական, միջգերատեսչական, հասարակական միավորումների և միջազգային կառույցների մշտական գործող հանձնաժողովներին, սերտ գործակցային հարաբերություններ պետություն-միություն-շինարարական հանրություն շղթայում, ակտիվ մասնակցություն օրենսդրական, նորմատիվատեխնիկական և ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակման և ընդունման գործում, շահագրգիռ աջակցություն կրթական ոլորտի բարեփոխումներին, արտերկրի նմանատիպ և միջազգային կառույցների հետ գործնական հարաբերությունների խորացում և միջնորդային դերի ստանձնում՝ մեր երկրում ներդրումային ծավալների ընդլայնման, նախագծային և շինարարական նոր ու առաջավոր տեխնոլոգիաների ներմուծման և ներդրման ուղղությամբ… Թվարկումը կարելի է երկար շարունակել:
Այսօր Շինարարների միությանը սպասում են կարևորագույն քայլեր՝ ոլորտը զարգացնելու պետության ջանքերի հետ մեկտեղ: Լուծման կարոտ շատ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են շինարարական կազմակերպությունների աշխատանքը և լուրջ պատնեշ են երկրի զարգացման համար:
Ոլորտը առաջ մղող ուժի կարիք ունի: Եվ այդ ուժը իրեն միավորող կառույցի շուրջ համախմբված շինարարական հանրությունն է:
Գործառույթներ
- Քաղաքաշինության ոլորտի առաջնային հիմնախնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարությանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեին և այլ պետական մարմիններին:
- Շարունակական մասնակցություն քաղաքաշինության ոլորտի առաջնահերթ օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացին (ներկայացված առաջարկություններն ընդունվել և գործողության մեջ են դրվել):
Քննարկման փուլում գտնվող առաջարկություններ.
- Հարկային և մաքսային օրենսգրքերում և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ
- Ոլորտային առանձնահատկություններից ելնելով՝ առաջարկություններ «ՀՀ աշխատանքային օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
- «Քաղաքաշինության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում՝ կազմակերպությունների վարկանիշային դասակարգման վերաբերյալ:
- «Գնումների մասին» ՀՀ օրենքում՝ գնումների գործընթացին ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանի և կազմակերպությունների վարկանիշային սանդղակի մասնակցելու պայմանի մասին:
Մասնագիտական առաջարկությունների ներկայացում շինարարության գնագոյացման նոր մեթոդաբանության մշակման վերաբերյալ:
Գործուն մասնակցություն հանրապետության շինոլորտին վերաբերող բոլոր քննարկումներին:
Մասնագիտական հանրությանը հուզող խնդիրների և առաջարկությունների բարձրաձայնում Հայաստանի շինարարների միության և Հայաստանի ճարտարապետների պալատի պաշտոնական լրատվամիջոց «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրում:
Միության կարևոր ձեռնարկումներից
- 2002 թ. ապրիլին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվեց Շինարարի տոնը. վերականգնվեց օգոստոսի երկրորդ կիրակի օրն այն պաշտոնապես նշելու բարի ավանդույթը:
- ՀՀ նախագահի 2016 թ. հունիսի 27-ի որոշմամբ վերականգնվեց ՀՀ վաստակավոր շինարարի կոչումը:
- Շինարարական շուկայի՝ Միության փորձագետների կատարած մոնիթորինգի և ՀՀ գերատեսչական մարմնին՝ ի դեմս քաղաքաշինության նախարարության, ներկայացված հիմնավորված հաշվարկների շնորհիվ «Շինարարության գնագոյացման նոր մեթոդաբանությունում» (2006 թ.) սահմանված շինարարության վերադիր ծախսերի 5,3 %-ը տոկոսադրույքը ուղղակի ծախսերի նկատմամբ փոխարինվեց 13,3%-ով:
- Ստեղծվեց և արդեն երկու տասնամյակ հրատարակվում է Հայաստանի շինարարների և ճարտարապետների միությունների պաշտոնական լրատվամիջոց «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիրը, որը Հայաստանի եզակի մասնագիտական տպագիր պարբերականներից մեկն է:
ՀՇՄ -ն՝ գերատեսչություններին կից հասարակական խորհուրդների կազմում
«Հայաստանի Հանրապետության նախարարներին և Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2025 թ․ սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշմամբ հաստատված կարգի համաձայն, Հայաստանի շինարարների միության ներկայացրած համապատասխան հայտի, Հայաստանի շինարարների միությունը, ի դեմս Միության նախագահ Վահան Հարությունյանի, ներգրավվել է հետևյալ պետական գերատեսչական մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների կազմում։
1․ ՀՀ ֆինանսների նախարարություն
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
3․ ՀՀ պետական եկամուտների կոմիտե
4․ ՀՀ քաղաքաշինության կոմիտե
5․ ՀՀ կադաստրի կոմիտե
ՀՇՄ-ն ընդգրկվել է չորս հարթակներում
Հայաստանի շինարարների միությունը՝ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունների մշակման մասնակից
Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունների մշակման ու կատարողականի քննարկման աշխատանքներում ներգրավելու համար ՀՀ կառավարությունը հրավիրել է մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների:
Հայստանի շինարարների միության ներկայացրած հայտի համաձայն՝ ՀՇՄ նախագահ Վահան Հարությունյանը և ՀՇՄ խորհրդի անդամ, «Ասկե գրուպ» ԲԲԸ տնօրեն Հրաչյա Մուրադյանը ընդգրկվել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ ստեղծված՝ ռազմավարությունների մշակման աշխատանքային խմբերին կից գործող վեց հարթակներից հետևյալ չորսում.
— Տնտեսական փոխակերպում և կայուն զարգացում
— Տարածքային և ենթակառուցվածքների զարգացում
— Արդարադատության ոլորտի բարեփոխումներ
— Հանրային կարառավարման բարեփոխումներ:
Հարթակները քննարկում են ռազմավարական փաստաթղթերը, դրանց իրականացման ու առաջընթացի զեկույցները, ինչպես նաև ներկայացնում դրանց ուղղությամբ իրենց կողմից իրականացվող ծրագրերը, վերլուծություններն ու կարծիքները։
Խորհրդի նախագահ
Վահան Միխաիլի Հարությունյան
Հայաստանի շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ծնվել է 1980 թ. հուլիսի 30-ին, Երևանում:
2003 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը,
2011-ին՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական ֆակուլտետի մագիստրատուրան: «Միկմետալ» ՓԲԸ և «ՅՈՒ ԷՅ ՎԻ ԼԱԲ» ՍՊԸ հիմնադիրների խորհուրդների նախագահ:
«Ասկե Գրուպ» ԲԲԸ հիմնադիրների խորհրդի անդամ:
2017-2018 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է հետևյալ մեդալներով և շնորհակալագրերով.
- ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագիր, 2009 թ.
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2010 թ.
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Փառք շինարարին» ոսկե մեդալ, 2011 թ.
- ՀՀ քաղաքաշինության նախարարի «Ոսկե մեդալ», 2015 թ.
- ԼՂՀ նախագահի կողմից՝ «Երախտագիտության մեդալ», 2015 թ․
- ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագիր, 2020 թ․
- ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2020 թ․
- ԼՂՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալ, 2021 թ.:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
2024 թ. ՀՇՄ 5-րդ համագումարում Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի շինարարների միության նախագահ:

























