Skip to content Skip to sidebar Skip to footer

Կրկնակի տոնական իրադարձություն

1-ezgif.com-compress-jpg

Օր, որը պետական տոն է հռչակվել Հայաստանի շինարարների միության նախաձեռնությամբ և նրա ամենակարևոր ձեռնարկումներից մեկն է՝ ի արժևորումն երկիրը կառուցողի տքնաջան աշխատանքի: Ամեն տարի այն նշվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Միության համատեղ կազմակերպած հանդիսությամբ:

Օգոստոս, 2026 թ.

 

Շինարարի օրվա վերականգնումից ի վեր՝ 25-րդ անգամ իրենց  մասնագիտական տոնը երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ նշելու էին հավաքվել շինարարները: Իսկ օրվա խորհուրդն այս տարի առանձնահատուկ էր՝ միավորելով երկու տոնական իրադարձություն. նշվում էր ոչ միայն պետական տոնը, այլև  Շինարարների միության 30-ամյակը: 

Հանդիսությանը մասնակցում էին կառավարության անդամներ, պետական գերատեսչական կառույցների  ղեկավարներ, ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շինարարական հանրությանը ողջունեցին և շնորհավորանքի խոսք ասացին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:  Շինարարությունը մշտապես եղել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը, երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշում այն շարունակում է լինել առաջատարը, ոլորտի միջազգային զարգացումներին համընթաց մեծածավալ շինարարական ծրագրեր են իրականացվում, ստեղծվում է ապրելու և հանգստի քաղաքակիրթ միջավայր՝ փաստեցին նրանք: 

Գնահատանքի  խոսքեր ուղղվեցին նաև օրվա հոբելյարին՝ Շինարարների Միությանը՝ ոլորտի զարգացման գործում կարևոր դերակատարում ունենալու և պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության ամրապնդմանը նպաստելու համար։

Օրը հագեցած էր տոնական մթնոլորտով. շնորհակալագրեր և մեդալներ՝ ոլորտի մարդկանց, հյուրասիրություն, տեսաֆիլմի ցուցադրություն, համերգային ծրագիր: Իսկ ամենակարևորը շինարարներին ընձեռված հրաշալի առիթն էր՝ միասին հավաքվելու, միմյանց աշխատանքներին ու ձեռքբերումներին ծանոթանալու, ընդհանուր թեմաների շուրջ մտքեր փոխանակելու: Եվ, իհարկե, նաև ուրախանալու իրենց՝ երկիրը կառուցողներին անմոռանալի երեկո պարգևելու, արժևորման ու մեծարանքի համար:

Շինարարի օրվա առթիվ, ի թիվս այլոց, պարգևատրվել են նաև Միության անդամ կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ՝  «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյան (ՀՀ վարչապետի հուշամեդալ), «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյան (ՀՀ վարչապետի շնորհակալագիր), «Սահակյանշին» ՓԲԸ նախագահ Սուրեն Սահակյան, «Տիգաշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Պողոսյան, «Արմենլիֆտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Մուրադխանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ոսկե մեդալ), «Սիթի Քոնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն Սուրեն Թորոսյան , «Տարտ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Ալեն Սարգսյան, ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր), ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական Վարդգես Եդոյան (ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալ), ՃՇՀԱՀ շինանյութերի ամբիոնի վարիչ Ավետիք Արզումանյան (ՀՀ ԿԳՄՍՆ շնորհակալագիր), «Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն Դավիթ Քոչարյան (Երևանի քաղաքապետի «Էրեբունի-Երևան 2008-ամյակի հուշամեդալ»), «Մետրոշին» ԲԲԸ փոխտնօրեն Արտյոմ Հախնազարյան,  ՃՇՀԱՀ դասախոս Տիգրան Խաչիյան, «Հորիզոն-95» ՍՊԸ-ի տեղամասի ղեկավար Սարգիս Դիլանյան (Երևանի քաղաքապետի պատվոգիր): 

Leave a Comment